Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին Սիրիայում համատեղ զորախումբ տեղակայել

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին Սիրիայում համատեղ զորախումբ տեղակայել
18.02.2018 | 13:29

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին Սիրիայի տարածքում համատեղ զորախումբ տեղակայել` քրդական աշխարհազորը Թուրքիայի սահմանակից շրջանից դուրս բերելու դիմաց: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները ճգնաժամային կետում են: «Երեկ երեկոյան մենք վճռեցինք ու նախագահ Էրդողանը վճռեց, որ պետք է քննարկել ճգնաժամից դուրս գալու ճանապարհները: Մեր հարաբերությունները չափազանց կարևոր են»` ասել է Ռեքս Թիլերսոնը:

Նրա երկօրյա այցը Թուրքիա անցնում է բարդ պայմաններում: Հունվարի 20-ից Թուրքիան Սիրիայի տարածքում անցկացնում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը քրդական աշխարհազորի դեմ Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում: Թուրքիան Սիրիայի քրդական աշխարհազորը համարում է Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ, որը արգելված է Թուրքիայում և կռվում է քրդական ինքնավարության համար: Սակայն քրդերը ԱՄՆ-ի ամենահուսալի դաշնակիցներն են էքստրեմիստների ու ԻՊ-ի ջիհադականների դեմ պայքարում: Եթե թուրքական հարձակումը շարունակվի արևելք` դեպի Մանբիջ, հավանական է, որ մարտական գործողությունների գոտին ընդլայնվի մինչև այն շրջանները, որտեղ ԱՄՆ ռազմական հրահանգիչներն ու հատուկ զորքերն են տեղակայված: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունների, եթե քրդական ինքնապաշտպանության ջոկատները Մանբիջից հեռանան: Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկում է Սիրիայի հյուսիսային շրջանում համատեղ ռազմական ստորաբաժանում տեղակայել անվտանգության ապահովման համար:

«Շատ կարևոր է, թե ով է ղեկավարելու ու ապահովելու այս շրջանների անվտանգությունը,-ասաց Չավուշօղլուն: - Մենք կկենտրոնացնենք ջանքերը, որ վերականգնենք կայունությունը Մանբիջում ու մյուս քաղաքներում: Մենք կսկսենք Մանբիջից: Երբ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները Մանբիջից դուրս գան, մենք ԱՄՆ-ի հետ կարող ենք վստահության վրա հիմնված համատեղ քայլեր ձեռնարկել»: ԱՄՆ-ը և Թուրքիան ստեղծել են ապագա բանակցությունների մեխանիզմներ, որտեղ գլխավորը Մանբիջի իրավիճակն է` հավելեց նա: Բանակցությունների առաջին փուլը մարտի կեսին է: Թիլերսոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ընդունում է իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը, բայց Անկարային կոչ արեց ձեռնպահ մնալ չափազանց կտրուկ քայլերից: Թիլերսոնը ընդունեց նաև, որ ԱՄՆ-ը չի կատարել Թուրքիային տված խոստումը, որ քրդերը կհեռանան Մանբիջից, երբ քաղաքն ազատագրվի էքստրեմիստներից: «ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային խոստումներ էր տվել, որ մենք չենք կատարել: Աշխատանքային խմբի շրջանակներում մենք կաշխատենք այդ ուղղությամբ, և Մանբիջը գերակա խնդիր կլինի»` ասաց Թիլերսոնը:


BBC-ի անվտանգության հարցերով թղթակից Ջոնաթան Մարկուսը կարծում է, որ ոչ ոք չգիտի` ի՞նչ է կատարվում Սիրիայում: ԻՊ-ի ասպարեզից դուրս գալուց հետո Սիրիայի պատերազմը չի ավարտվում, այլ նոր փուլ է մտնում, որը բնորոշվում է արտաքին խաղացողների ակտիվացումով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի, Իրանի: Նրանք բոլորը պրոքսի պատերազմ են վարում սիրիական հողի վրա` ինչպես պատերազմի ամենասկզբում էր, բայց հիմա առաջին պլանում այլ երկրների գործողություններն են: Դա հանգեցնում է տարբեր դժվարությունների ու հակասությունների` ոչ միայն Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Վերջերս ռուս վարձկանները սպանվեցին ԱՄՆ ռմբակոծությունների ժամանակ: Նման դեպքերը ընդգծում են սիրիական կոնֆլիկտի առավել վտանգավոր դարձող հետևանքները:
BBC


Հ.Գ. Եթե Անկարայում Թիլերսոնն ու Էրդողանը 3 ժամ բանակցում ու գուցե 1 ժամ քննարկում են Մանբիջում թուրք-ամերիկյան զորախմբի տեղակայման հնարավորությունը քրդերի փոխարեն, որևէ մեկին չի՞ հետաքրքրում Դամասկոսի կարծիքը, իսկ համաձա՞յն է Բաշար Ասադը իր երկրի տարածքում օտարերկրյա ու ոչ այնքան բարեկամական տրամադրություններ ունեցող զորքերի տեղակայմանը: Ակնհայտ է, որ որոշ ժամանակ անց` հաջորդ քայլով Թուրքիան իրեն է կցելու այդ տարածքները` սկսելով Սիրիայի մասնատումը: Համաձա՞յն է ուժերի այդ դասավորությանը Ռուսաստանը, Պուտինը թույլ կտա՞ ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացում Սիրիայում ու Բաշար Ասադին կհանձնի՞` Անկարային տրամադրելով նավթի տեղափոխման ուղիների վերահսկողությունը: Ինչի՞ դիմաց: Ի՞նչ կանի Իրանը` պաշտպանելու իր շահերը: Չի՞ փորձի Իսրայելը Սիրիայից պոկել «իր» հասանելիքը: Իսկ այս և այլ հարցերի պատասխանների որոնումներում թռչում են հրթիռները ու սպանվում են ոչ միայն զինվորականները, այլև` բնակչությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ